26/01/2012

Երջանկության բանալի



Երջանկություն: Թերևս սա հենց այն է, ինչին բոլորս ձգտում ենք դեռ մանկուց սկսած: Երեխան երջանկության զգացում է ապրում ծնողների սիրուց, գուրգուրանքից մինչև ցանկալի խաղալիք կամ համեղ քաղցրավենիք: Երջանկության սահմանները սրանք են մանուկ հասակում: Տարիքի հետ դրանք անշուշտ փոխվում են: Այլևս ծնողական սերն ու սիրելի խաղալիքը բավարար չեն երջանիկ լինելու համար:
Դպրոցական տարիներին երջանկությունն ունի շատ վառ ու առարկայական բնույթ: Ասենք, եթե մանուկ հասակում երեխան, կարծես թե ունակ չէ վերլուծել շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները կամ համեմատության ենթարկել փաստերն ու իրավիճակները, ապա դպրոցական տարիքում դա տեղի է ունենում: Դեռահասության տարիքում երջանկությունն ունի հստակ որոշակիություն` պայմանավորված ֆիզիկական կառուցվածքով, արտաքին տեսքով, լավ գրիչով, հոտով ռետինով, մեր օրերում արդեն նաև տեխնիկական հագեցվածության աստիճանով (այֆոն, այփադ, նոութբուկ): Նման մոտեցումը կարող է նաև շարունակվել պատանեկության տարիներին՝ կախված անհատականության ձևավորման ընթացքում արժեքային համակարգի փոփոխության հետ:
Ինչպես արդեն նշեցի, տարիների հետ երջանկության սահմանները ընդարձակվում, նեղանում կամ հստակության են ձեռքբերում, այլ կերպ ասած՝ ենթարկվում են փոփոխության: Յուրաքանչյուրն ունի երջանկության իր սահամանումը: Մեկի համար դա առարկայական բնույթ ունի, մյուսի համար՝ վերացական, հոգևոր: Չնայած, երկու դեպքում էլ երջանկության զգացումը ներքին ապրումների հետ է կապված: Երջանիկ ես, երբ ներքին բավարվածություն ես ապրում, կարևոր չէ` դրա աղբյուրն առարկայական թե հոգևոր բնույթի է:
Խնդիրն ավելի ընդլայնված, ավելի գլոբալ առումով դիտարկելիս եկել եմ այն եզրակացության, որ լիարժեք երջանկության հասնելու համար յուրաքանչյուրս պետք է առավելագույնս պահպանենք համակեցության նորմերը՝ սկսած միջանձնային մակարդակից մինչև համամարդկային: Հատկապես վերջին աշխարհաքաղաքական, տնտեսական գլոբալացման պայմաններում դրա անհրաժեշտությունը մեծացել է: Աշխարհը գլոբալացվում է, ուզենք թե չուզենք: Այսօր, երբ գրեթե անխոչնդոտ է աշխարհի հասանելությունը, երբ այդքան հասանելի են հաղորդակցման գրեթե բոլոր տեսակները, դժվար է խուսափել գլոբալացումից: Արդեն իսկ կան այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում եմ բոլոր-բոլորին, և դրանցից խուսափելն անհնար է: Սրան վառ ապացույց կարող է ծառայել մեծ վեցնյակի՝ G6-ի փոխակերպումը մեծ ութնյակի՝ G8-ի, իսկ այսօր արդեն` մեծ քսանյակի՝ G20-ի: Անհերքելի ապացույց:
Մարդն ու աշխարհը զարգանում են զուգահեռ, որոշ շեղումներով իհարկե, և շատ դեպքերում ոչ միաժամանակ ու համընթաց: Աշխարհի և մարդկության զարգացման ընթացքում միշտ և այժմ էլ բոլոր դիտարկումները, համեմատությունները պռոեկտվում են մարդ-ընտանիք-պետություն եռաչափության վրա: Ինչպես պետությունը կարելի է դիտարկել ընտանիքի մոդելի հիման վրա, այնպես էլ աշխարհը և դրանում տեղի ունեցող իրադարձությունները կարելի է վերլուծել հիմնվելով նույն մոդելի վրա: Ընտանիքը երջանիկ է, եթե այնտեղ խաղաղություն ու սեր է տիրում, շեշտադրությունը խաղաղության վրա: Խաղաղություն չկա, եթե չեն պահպանվում համակեցության նորմերը: Համակեցության նորմերը դրանք մարդու բնական իրավունքներն են, որոնք ամրագրված են տարատեսակ իրավական նորմերում և միջազգային կոնվենցիաներում: Ժողովրդավարական արժեքներն այլևս անհերքելի են: Դրանք այսպես թե այնպես իրականություն են: Միտքս եզրափակեմ հետևյալով. “մարդու բնական իրավունքները կարող են սահամանափակվել այնտեղ, որտեղ սկսվում են մեկ այլ մարդու բնական իրավունքները”: Հենց սա էլ թույլ տվեք համարել երջանկության բանալին: Սա երջանիկ լինելու միակ բանաձևն է:
Ինչքան էլ, որ մարդիկ իրար սիրեն և այլն, եթե խախտվում է նրանց միջև համակեցության նույնիսկ մեկ նորմ, ապա այն բերում է տխուր հետևանքների: Գլոբալ մակարդակում այս խզումը դառնում է պատերազմների պատճառ, իսկ միջանձնային մակարդակում` տարատեսակ կոնֆլիկտների, դժգոհությունների, հիասթափությունների, որոնց պատճառով մարդն իրեն այլևս երջանիկ չի զգում:
Ինձ թվում է, որ պետք է անպայման համապատասխան իրավական նորմ մշակել միջանձնային, միջմշակույթային, համամարդկային համակեցույթյան վերաբերյալ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան օրինական ճանապարհով հասնել իրենց երջանկությանը, իսկ հարկ եղած դեպքում էլ կարողանան վերականգնել իրենց երջանիկ լինելու խախտված իրավունքը:
Իսկ եթե լուրջ, ապա նման իրավական նորմի օրինակ կարելի է համարել զարգացած երկրներում ամուսնական պայմանգրերի ինստիտուտը: Բոլորս էլ քիչ թե շատ պատկերացում ունենք ամուսնական պայմանագրերի մասին: Իմ կարծիքով հիանալի լուծում է միջանձնային մակարդակում:
Աշխարհում ամեն ինչ սկսվում և ավարտվում է միջանձնային մակարդակում:


Հունվարի 26, 2012

No comments:

Post a Comment