24/01/2012

Կյանքի ուղիներ կամ դրանց ճիշտ ընտրություն



Ասում են, թե ամեն ինչ քո ձեռքերում է: Սովորաբար այսպես են մտածում լավատես մարդիկ կամ հաջողակները: Ճշմարտություն կա ասվածի մեջ, բայց 50/50 հարաբերակցությամբ: Հոռետեսները կամ ավելի ճիշտ իրատեսներն այլ կարծիք ունեն այս մասին: Չնայած գիտեմ, որ իրատեսական պատկերացումները մեծ ոգևորությամբ չեն ընդունվում, բայց այնուամենայնիվ ավելի օգտակար են, քան փուչ լավատեսակաները: Իրատես լինելով կարողանում ես ապահովագրվել հնարավոր ռիսկերից, որոնք կարող են առաջանալ՝ իրենց հետ բերելով վատ հետևանքներ:


Մարդու կյանքի առաջին օրվանից սկսած մինչև չափահասություն ոչինչ էլ նրա ձեռքերում չէ, որքան էլ որ տխուր լինի այս փաստը: Ովքեր կլինեն քո ծնողները, ինչպիսի ընտանիքում կծնվես, ինչպիսի միջավայրում կդաստիարակվես, ինչպիսի պայմաններում՝ քո ընտրությունից կախված չէ: Նույնիսկ չափահաս դառնալուց հետո էլ դժվար է ասել՝ կյանքիդ ուղին ընտրելու հնարավորություն կունենաս, թե ոչ:


Ով, ում, որտեղ կհանդիպի, և երբ ու ինչպիսի պայմաններում կորոշվի քո արարման հարցը՝ քեզանից կախված չէ: Լույս աշխարհ կգաս թե ոչ՝ քեզանից կախված չէ: Ովքեր կլինեն քո ծնողները՝ քեզանից կախված չէ: Ինչպիսի պայմաններում կսկսես կայնքդ՝ քեզանից կախված չէ: Ինչպիսի տեսք կունենաս՝ քեզանից կախված չէ: Մի խոսքով մեծ հաշվով՝ քեզանիցկախված չէ կյանքիդ ուղու մեկնարկային պայմանների ընտրության գրեթե 50 տոկոսից ավելին:


Օրինակ, երբ առաջին անգամ գնում ես դպրոց, քեզանից կախված չէ, թե ով կլինի քո առաջին ընկերը, քանի որ քո ընտրությունը սահմանափակվում է դասարանում ներկաներով: Այլ կերպ ասած, մեծարգո ճակատագիրը միշտ պատրաստ է սահամանափակել քո ընտրության իրավունքը:


Մինչև չափահասությունդ վրա է հասնում, քո փոխարեն “ճիշտ” որոշում են կայացնում ծնողներդ: Շատերն այնուհետև կախվածության մեջ են ընկնում այդ “ճիշտ” ընտրությունից: Այս երևույթը հատկապես բնորոշ է ավանդույթային հասարակույուններին, որտեղ մարդիկ ունեն կարծրատիպային մտածելակերպ, որտեղ հստակ են “ճիշտն” ու “սխալը”, “վատն” ու “լավը”: Այստեղ համակերպվելու, հնազանդվելու գաղափարն է տիրում: Ուրիշ ձև չկա:


Կամ էլ շատերն ասում են՝ հետևիր երազանքիդ: Իսկ եթե երազանքներս դուրս են բարոյականության նորմերից և քաջ գիտակցելով դրանց հնարավոր հետևանքների մասին՝ միևնույն է չեմ դադարում երազել դրանց մասին: Հիմա ինչ, իրավունք չունեմ “վատ” բաներ երազել, պետք է անպայման “սահմանների” մեջ երազեմ: Նույնիսկ երազելուց է “ընտրությունդ” սահամանափակ: “Ամոթ է: Գժվել ես: Սխալ է:” Ով ասեց, է:


Երբ ինձ հարցնում են՝ ինչպիսի երազանքներ ունեմ, հաճախ ստիպված եմ ստել կամ լավագույն դեպքում ասել, որ չունեմ, որովհետև արդեն գիտեմ, թե ինչպիսին կլինի արձագանքը:


Կամ էլ ասում են, որ ստում եմ, որ նման բաներ եմ երազում: Էլ ինչ ասես այդպիսի սահամանափակ, կարծրատիպացված մարդկանց: Առավելագույնս կարող ես ուսերդ թափահարել ու վերջ:


Չի բացառվում, որ երազանքիդ հասնելու ճանապարհին պարզես, որ մի փոքր “համարձակ” են դրանք այնուամենայնիվ: Բայց դա հայտնի կդառնա միայն, երբ երազանքդ իրականանա:


Օրինակ՝ ենթադրենք, երազում եմ կայնքից հեռանալ ոչ թե ծերությունից, այլ ասենք՝ ավտովթարի հետևանքով, խմիչքի ազդեցության տակ, լավ տրամադրությամբ: Բայց երազանքս հենց նույն պահին սահամանափակվում է խղճիս ձայնով: Պատկերացնում եմ ինձ “սիրող” մարդկանց տառապանքները և հետ եմ կանգնում երազանքիցս: Կամ էլ կարելի է սպասել միչև դրանց թիվը պակասի: Կամ էլ, եթե նման երազանք ունեմ, ուրեմն պետք է երազանքիս հասնելու ճանապարհին ինձ “սիրողների” կամ իմ կարիքն ունեցողների թիվը չավելացնեմ գոնե:


“Կյանք հրավառություն՝ կարճ ու գեղեցիկ:”


Իմ ապրած 25 տարիների ընթացքում իմ գնահատմամբ դեռ ոչ մի սխալ ընտրություն չեմ արել: Ամեն ինչ գնում է իր հունով: Սակայն միշտ վախեցել եմ սխալ ընտրություն անելուց ու դեռ շարունակում եմ վախենալ: Շատ եմ մտածում դրա մասին: Անընդհատ ինձ հետապնդում է այդ միտքը: Արդյոք չեմ սխալվել, արդյոք բաց չեմ թողել ինձ ընձեռնված հնարավորությունը: Ով գիտի…


Միշտ վախեցել եմ ու Աստծուն խնդրել, որ ինձ չկանգնեցնի այնպիսի ընտրության առջև, երբ ընտրելու թերևս միայն մեկ տարբերակ կլինի: Օրինակ՝ առողջության հետ կապված: Հիմա և միշտ էլ եղել են հիվանդություններ, որոնք անբուժելի են: Այստեղ ճակատագիրն է ընտրում: Չկա ոչ մի բացատրություն:


Մի ժամանակ գտել էի պատասխանը: Մտածում էի, որ եթե հիվանդ մարդիկ չլինեն, ապա առողջները չեն գնահատի իրենց սեփական առողջությունը: Օրինակ՝ ձեռքբերովի հաշմանդամությունը: Շատ հաշմանդամներ ապացուցում են, որ դա դեռ ոչինչ չի նշանակում: Շարունակում են իրենց կայնքի ուղին, բայց արդեն այլ պայմաններում: Նրանք սթափցնում են մեզ՝ գնահատել մեր ունեցած հնարավորությունները:


Որքան էլ քեզանից կախված չլինի կյանքիդ ուղու մեկնարկային պայմանների ընտրությունը, որը հիմք է հանդիսանում հետագա ընթացքի համար, այնուամենայնիվ կյանքը հնարավորություն ընձեռնում է ընտրելու համար: Շուրջս շատերը կան, ովքեր բողոքում են իրենց կյանքից՝ մեղադրելով ճակատագրին: Բայց, երբ լսում ես իրենց կյանքի պատմությունը, հասկանում ես, որ շատ դեպքերում հենց իրենք են ընտրել իրենց այսօրվա “դժբախտ” կացությունը: Հաշվի չեն առել ուրիշների փորձը, որոշում են կայացրել պահի ազդեցության տակ, շտապել են, չափից ավել լավատես են եղել: Իհարկե, շատ դժվար է միշտ սթափ լինել, հեռատես լինել, ինքնակառավարվել և այլն:


Վերջերս հաճախ լսում եմ, որ ասում են “մի ուշացրու ամուսնանալու մասին որոշումդ, թե չէ հետո շատ բան կհասկանաս և չես ամուսնանա այլևս”: Ինչ է ուզում են ասել՝ ամուսնացիր ու ընկիր… ինքներդ գիտեք ինչի մեջ, էլ չասեմ: Այ քեզ բան...


Այսինքն հասարակությունը դրդում է քեզ սխալ ընտրություն կատարել: Թոզ է փչում աչքերիդ, սահամանափակում է մտահորիզոնդ կարծրատիպերով: Մի խոսքով արտաքին գրգռիչները մթագնում են ուղեղդ, և դու այլևս ունակ չես ճիշտ որոշում կայացնել:


Ով, մարդ՝ զգուշացիր կարծրատիպացված հասարակությունից:


Գլոբալ առումով, եթե վերցնենք կյանքի ուղու ընտրության ֆենոմենը՝ ըստ արժեքային համակարգերի արևմտյան և արևելյան հասարակություններում, ապա երկու դեպքում էլ մարդիկ դժբախտ են: Արևմուտքում ամենաթողություն է, իսկ Արևելքում՝ ամեն ինչ սահամանափակված է “չիկարելիներով”: Ոսկե միջին չկա: Ամենաթողության պայմաններում բնազդային ընտրություն է կատարվում, որը հաճախ վատ հետևանքներ է ունենում: Իսկ “չիկարելիների” դեպքում էլ չբավարարվածության զգացումն իվերջո տանում է կործանման:


Շատ բարդ է, շատ: Բայց ինչպես կասեին ֆրանսիացիները՝ “c’est la vie”: Շատ մի մտածեք մարդիկ, վաղ թե ուշ բոլորս էլ կնքելու ենք մահկանացուն:


Ժպտացեք և սիրեք զմիմյանց:




Հոկտեմբերի 17, 2011

No comments:

Post a Comment